Մայք Այզվազյանի արտթերապիան 44–օրյա պատերազմի մասնակիցների համար

14 հուլիսի 2023

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում 44–օրյա պատերազմի մասնակիցների համար անցկացվեց սեմինար, որը վարեց Լիբանանից ժամանած  Էքսպրեսիվ արտթերապիստ՝ Մայք Այվազյանը։ Հարկ է նշել, որ Արտթերապիա նշանակում է բուժում արվեստի միջոցով և այն մեծ կիրառում ունի ամբողջ աշխարհում։ Մայք Այվազյանն ունի երկար տարիների փորձ  հետսթրեսային խանգարումներ ունեցող զինվորների բուժման մեջ։ Արտթերապիայի միջոցներն են փորագրումը փայտի վրա, քանդակումը, նկարչությունը, գործելը, հյուսելը և այլն։ Սեմինարի ընթացքում երաժշտության ուղեկցությամբ մասնակիցներին առաջադրվեց նկարել թղթի վրա, թույլ տալով արվեստի միջոցով ինքնարտահայտվել և ինքնաբացահայտվել։ Նկարչական գործընթացի օգտագործումը մասնակիցների հետ հնարավորություն տվեց ուսումնասիրել նրանց ֆանտազիաները և երևակայությունը, օգնեց նրանց ձեռք բերել հանգստություն:

 

Առավել տպավորիչ էին  խաղային գործընթացներն ու շնչառական վարժությունները մասնակիցների հետ, որից մասնակիցներն էլ ավելի ոգևորվեցին։ Սեմինարի վերջում Մայք Այվազյանը խորհուրդ տվեց քաջություն գտնել և հաղթահարել դժվարությունները, թեթևացնել սթրեսային վիճակները, թուլացնել հոգեկան լարվածությունը, մասնավորապես՝ շատ զբաղվել սպորտով, ֆիզիկական վարժություններով, երաժշտություն լսել, պարել, նկարել, ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների և ընկերների հետ։