Մեր պատմությունը

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Հ. Թումանյան
Մեր պատմությունը

Արեն Մեհրաբյանի մասին

Արենն իր հարազատների շրջանում հայտնի էր իր անվերջ պրպտող, երազող տեսակով, գիտության նկատմամբ սիրով ու նվիրումով: Ընկերները փաստում են նրա մարդկային արժանիքների մասին, որոնք հետագայում արտահայտվեցին սեփական կյանքն անձնվիրաբար զոհաբերելու վեհ առաքելությամբ:
1997
Արեն Մհերի Մեհրաբյանը ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 2-ին Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Ճեմարանն ավարտելուց հետո` տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` աստղաֆիզիկոսի մասնագիտություն ստանալու համար:
2018
2018 թ. ուսումը կիսատ թողնելով` վերադարձել է Հայաստան` հայրենիքը պատվով պաշտպանելու: Ծառայել է Տավուշի մարզի Իջևանի զորամասում որպես հաշվարկի հրետանավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում և պարգևատրվել պատվոգրերով բարեխիղճ ծառայության, զինվորական կարգապահության և մարտական պատրաստության հարցում ցուցաբերած բարձր արդյունքների համար: Արենը եղել է զորամասի ամենախելացի, կիրթ և հաշվարկի ուժեղագույն հրետանավորը:
2020
2020 թ. սեպտեմբերի 30-ից Արենը մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմին: Միշտ եղել է մարտի դաշտում` ամենաթեժ կետերում: Զոհվել է հոկտեմբերի 28-ին Մարտակերտում` անօդաչու թռչող սարքի հարվածից: Ծառայակից ընկերների հետ Արենը հասցրել է փրկել երեք վիրավոր հրամանատարների կյանքը: Հետմահու արժանացել է «Հերոսի» կոչմանը, պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Հայրենիքի պաշտպանության» շքանշանով:
 
Ազգասեր հայորդին շատ էր սիրում Հայաստանը: Բոլոր երիտասարդների նման ուներ երազանքներ և ծրագրեր, առավելապես ձգտում էր իր կարևորագույն ներդրումն ունենալ գիտության զարգացման ոլորտում: Նա երազանքները նպատակ էր դարձնում, նպատակները` ծրագրեր ու որոշում դրանք անպայման կյանքի կոչել:
Արենը տիեզերք էր: