«Արեն Մեհրաբյան» հիմնադրամի երկար սպասված հյուրն էր՝ Վարդան Պետրոսյանը

13 նոյեմբերի 2022

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի երկար սպասված հյուրն էր՝ մեր բոլորի սիրված դերասան, արվեստագետ՝ Վարդան Պետրոսյանը։ Հանդիպման մասնակիցները ոգևորությամբ դիմավորեցին մեծն դերասանին։ Վարդանը հանդես եկավ՝ «Երեկ, այսօր, վաղը»  մտերմիկ զրույցով։ Ի դեպ հարկ է հիշատակել, որ Արեն Մեհրաբյանը փոքրուց Վարդան Պետրոսյանի թատերարվեստի մեծ երկրպագուն էր, սիրով ներկա էր գտնվում նրա ներկայացումներին, գնահատում էր նրա մարդկային տեսակը, մտքի ճկունությունը, խորիմաստ հումորն  ու հայրենասիրությունը:

Վարդանի արվեստի արարումը եզակի է իր տեսակի մեջ։ Նրա զրույցը համեմված էր իր մանկության, պատանեկության  հուշերով։ Նրա կյանքում  ներշնչանքի աղբյուրը եղել է աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնավուրը։ Նա մասնակիցների հետ կիսվեց ազնավուրյան անմոռանալի  հիշողություններով։

Վարդան Պետրոսյանը սեփական կյանքի օրինակով ներկայացրեց այն դառնությունն ու տառապանքը, որը տրվել էր մաքրվելու համար։ Պատմեց, թե ինչպես տեղափոխվեց   Ֆրանսիա, սովորեց ֆրանսերեն, օր ու գիշեր աշխատելով կարողացավ մտնել ֆրանսիական թատրոն՝ մի ուրիշ աշխարհ, հասկանալով, թե որն է իր ճակատագիրն ու խաչը։

Զրույցի ընթացքում չէինք տեսնում դերասան–շոումենի, կատակաբանի,  քաղաքային երգիծանքի, բոլորիս առջև պարզ ու մտերմիկ մարդն էր՝ զրուցակիցը։

Դերասանից մի պահ հոգևոր քարոզչի վերածված արտիստը քաջալերեց զրույցի  մասնակիցներին, որ կյանքում երազանք ունենալն ու այդ երազանքը նպատակ դարձնելը, որքան կարևոր է անհատի համար։

Այս անչափ հետաքրքրիր ու ուշագրավ զրույցն ավարտվեց Վարդան Պետրոսյանի հետ հարց ու պատասխանով։ Դրանք սովորական պատասխաններ չէին, դրանք մեծ արվեստագետի՝ մարդկանց կրկին ապրեցնելու ճիշտ խորհուրդներ էին՝ ապրել երկար, սիրել կյանքը, չվախենալ փորձություններից ու ամենակարևորը՝ շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն մոտիվացիա, կյանքի շարժառիթ։