Պատերազմի մասնակիցները դնում են աերոտիեզերական մեքենաշինության հիմքերը

26 փետրվարի 2022

44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի ընտանիքի ստեղծած «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ քայլ առ քայլ մոտենալով Արենի երազանքին` Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն։

Գործելով ինչպես կրթական, այնպես էլ արտադրական ոլորտներում՝ Արենի ընտանիքը շարունակում է պատերազմի մասնակից, վիրավոր զինվորներին դարձնել աերոտիեզերական ոլորտի մասնագետներ, որոնցից շատերն արդեն իսկ աշխատում են մասնագիտությամբ։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նոր կրթական ծրագրերի եւ 2022 թվականի նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Արենի մայրիկի՝ հիմնադրամի համահիմնադիր Սաթիկ Նաիրյանի հետ։

Պահանջարկը մեծանում է

Փետրվարի 1-ից մենք մեկնարկեցինք դասընթացների երկրորդ փուլը: Այժմ ընթանում են երկու տեսակի դասընթացներ, որոնցից առաջինը եռաչափ մոդելավորումն է։ Ի տարբերություն առաջին փուլի՝ որոշակի փոփոխություններ ենք արել՝ հիմնվելով նախորդ փորձի եւ կարծիքների վրա։ Այս անգամ մասնակիցներն ավելի խորացված կսովորեն, եւ դասընթացը կտեւի 4 ամիս։

Փետրվարի 8-ից էլ կրկին մեկնարկել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացը, որը եւս սովորելու են 4 ամիս։ Քանի որ տեխնիկական ոլորտի դասընթացների անցկացումը մեծ խմբերով արդյունավետ չէ, յուրաքանչյուր դասընթացի համար առանձնացրել ենք 2 խումբ՝ մոտ 20 ուսանողով։ Այս պահին մեր սովորողների թիվը մոտ 80 է։

Դատելով դիմումներից քանակից՝ պահանջարկը գնալով աճում է։ Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ մեր գործունեության մասին տեղեկատվությունը տարբեր հարթակներով ավելի հասանելի է դարձել: Այս անգամ 40-ից ավելի դիմորդ ենք ունեցել, որոնք մեծ մասամբ պատերազմի մասնակից, բանակից նոր վերադարձած տղաներ են, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցողներ։ Սովորողների շարքում են նաեւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։ Կան նաեւ ուսանողներ, որոնք պատերազմի մասնակից չեն, սակայն մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այս ոլորտում մասնագիտություն ձեռք բերելու ուղղությամբ եւ նրանց եւս հնարավորություն ենք ընձեռել։

Հատկանշական է, որ առաջին անգամ մեր դասընթացների համար դիմել է նաեւ զինծառայողի կին։ Մասնագիտությամբ ուսուցիչ լինելով՝ նա ցանկություն է հայտնել սովորելու նոր մասնագիտություն, որովհետեւ ամուսինը ծանր առողջական վիճակում է։

Կրթություն եւ աշխատանք մեկ վայրում

Եռաչափ մոդելավորման դասընթացի շրջանակում ուսանողները սովորում են եռաչափ մոդելավորում (Solidworks), գծագրական երկրաչափություն եւ անգլերեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացը նախատեսված է սկսնակների համար, եւ դրա շրջանակում մասնակիցները անցնում են Web ծրագրավորում եւ անգլերեն։

Կրթական գործընթացը հետեւյալ կերպ է ընթանում․ ուսանողները գալիս եւ սովորում են 3-4 ամիս, որից հետո կախված իրենց առաջադիմությունից եւ մասնագիտացումից՝ սկսում են աշխատել, ոմանք էլ, ըստ իրենց հմտությունների եւ կարողությունների, անցնում են կրթական երկրորդ փուլ։

2021թ. հոկտեմբերին մեկնարկել էր մեր դասընթացների առաջին փուլը։ Եռամսյա կուրսի արդյունքում մենք ունեցանք 16 շրջանավարտ, որոնց մեծ մասն արդեն աշխատում է մեր «ԷՆՋԻՆԴ ԱՄ» աերոտիեզերական ոլորտում մեքենաշինական գործունեություն ծավալող ընկերությունում։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով

mediamax.am