2021թ-ի հոկտեմբերի 15-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում կայացավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացումը:

15 հոկտեմբերի 2021

2021թ-ի հոկտեմբերի 15-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում՝ Բեռլինի Եվրոպացի և Հայ մասնագետների Ասոցիացիայի, Հերոսների Վերականգնողական Քաղաք հասարակական կազմակերպության, «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ պատերազմի մասնակից զինծառայողների, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և/ կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև` զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, այդ թվում՝ գիտական, տեխնիկական մասնագիտություններով հետաքրքրված անձանց համար նախատեսված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացումը:

Ծրագրի հանդիսավոր բացմանը ներկա էին ծրագրի դասընթացների մասնակից հերոս տղաները, ծրագրի նախաձեռնողներ՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Մհեր Մեհրաբյանը, Հերոսների վերականգնողական քաղաք ՀԿ նախագահ՝ Սուրեն Արեենցը, Գերմանիայից «DavSocial» ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկող Տիգրան Մանվելյանը, ծրագրի նախաձեռնող աշխատախումբը և դասախոսական անձնակազմը: Ծրագրի բացմանը ներկա էին նաև բազմաթիվ պաշտոնական ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ՝ Հայաստանից և արտերկրից, այդ թվում ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Հայ Զինվոր» ամսագրի գլխավոր խմբագիր Սամվել Հարությունյանը, «Արալեզ» ՀԿ տնօրեն Սարո Թադիոսը, բռնցքամարտի աշխարհահռչակ չեմպիոն Արթուր Աբրահամը, և բազմաթիվ այլ հյուրեր:

Ծրագիրը մեկնարկվեց տերունական աղոթքով, այնուհետև տեսաուղերձով հանդես եկան Գերմանիայի ՀԵՄԱ կազմակերպության նախագահ պարոն Միքայել Մինասյանը և Արհեստական բանականության փորձագետ Արթուր Մուրադյանը, որոնք իրենց ելույթներով ոգեշնչեցին դասընթացների մասնակից տղաներին՝ երբեք չհուսալքվել, չվախենալ դժվարությունևերից և ճիշտ գիտակցել ու գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը: Ծրագրի պաշտոնական բացումը վարեց Հերոսների վերականգնողական քաղաք ՀԿ նախագահ Սուրեն Արեենցը:

Ելույթով հանդես եկավ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Մեհրաբյանը, մատնանշելով, որ ոգևորված է այս ծրագրի իրականացման համար, տեսնում է տղաների ոգևորվածությունը, որ կրթությամբ հաղթելու են անգրագիտությանը, հաղթելու են սփյուռք ունենալուն և մի գեղեցիկ օր` իրականանալու է սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայրենիք վերադառնալու փափագը: Պարոն Մեհրաբյանն իր ելույթում մասնավորապես նշեց իր որդու՝ անմահ Հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը՝ հաստատվել Հայաստանում և գիտության զարգացումը խթանելով՝ հզորացնել Հայրենիքը: Իր ելույթի վերջում պարոն Մեհրաբյանը խրախուսեց հերոս տղաներին չհանձնվել և չլքել իրենց երազանքները, լինել ուժեղ, կազմել ամուր ընտանիք և դառնալ իրենց ոլորտում հզոր մասնագետներ, որն էլ կհանդիսանա երկրի հզորության գրավականը:

Ելույթներով հանդես եկան նաև Գերմանիայից «DavSocial» ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկիչ Տիգրան Մանվելյանը, ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, բռնցքամարտի աշխարհահռչակ չեմպիոն Արթուր Աբրահամը, որոնք նույնպես քաջալերեցին տղաներին՝ չընկճվել, լինել հզոր, դառնալ մեկ բռունցք և իրենց պոտենցիալ ներդրումն ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենախոստումնալից բնագավառում: