Օրերս «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հրավերով, դասախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ պրն. Միքայել Մելքումյանը

6 ապրիլի 2022

Օրերս «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հրավերով, Հիմնադրամում դասախոսությամբ հանդես եկավ Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, Սանկտ-Պետերբուրգի Արկտիկ ու Աթենքի Գիտության և կրթության ակադեմիաների ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ պրն. Միքայել Մելքումյանը: Հրավիրյալ պրոֆեսորը մանրամասն խոսեց Հայաստանում երկրաշարժերի վտանգների, կանխարգելիչ մեթոդների, բոլոր շենքերը սեյսմիկ տեսանկյունից անվտանգ դարձնելու, մասնավորապես՝ Հայաստանում սեյսմամեկուսացման համակարգերի՝ շերտավոր ռետինամետաղական հենարանների ներդրման մասին։

Պրն․ Մելքումյանը ստեղծել է նաև «Մելքումյան հիստերեզի մոդելը»։ Նա ներդրել է գոյություն ունեցող շենքերի սեյսմիկ մեկուսացման եզակի մեթոդ՝ հիմքի և տանիքի մեկուսացման միջոցով, որը իրականացվում է առանց շենքերի բնականոն գործունեության ընդհատման։ Պրն․ Մելքումյանը 246 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 21 գիրք (6 մենագրություն), ինչպես նաև նախագծել 100ից ավել շինություններ։