Հայկական հիդրոպոնիկ սարքեր. զինվորի ձեռքով՝ գյուղացու համար
«Էնջինդ ԱՄ» հայկական ընկերությունը մեկնարկել է հիդրոպոնիկ սարքերի արտադրություն՝ ձգտելով լուծել Հայաստանում արոտավայրերի խնդիրն ու գյուղացու համար անասնակերն ավելի մատչելի դարձնել: Հայկական հիդրոպոնիկ սարքերի նախագծման եւ արտադրության մեջ ներգրավված են հիմնականում 2020թ. պատերազմին մասնակցած եւ վիրավորված զինվորները:
Banks.am-ը պատմում է «Էնջինդ ԱՄ» ընկերության ԱԷՈՆ հիդրոպոնիկա ծրագրի եւ հայկական hիդրոպոնիկ սարքերի առավելությունների մասին:
Ընկերության մասին
«Էնջինդ ԱՄ» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի հուլիսին 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի հոր՝ Մհեր Մեհրաբյանի կողմից: Ընկերության նպատակն է իրականություն դարձնել Արենի երազանքը, այն է՝ Հայաստանում հիմնել աերոտիեզերական շարժիչների եւ թռչող սարքերի (VTOL) մեքենաշինական արտադրություն:
Սրան զուգահեռ Արենի ընտանիքը գործունեություն է ծավալում նաեւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի միջոցով՝ ինժեներական կրթություն տրամադրելով պատերազմի մասնակից, վիրավոր զինվորներին, զոհվածների ընտանիքի անդամներին: Հիմնադրամի գործունեության մասին ավելի մանրամասն պատմել ենք Մեդիամաքսում:
Կորսված արոտավայրերի այլընտրանքը
ԱԷՈՆ հիդրոպոնիկան «Էնջինդ ԱՄ»-ի պիլոտային ծրագրերից մեկն է, որի նպատակն է գյուղացուն հնարավորություն տալ ստանալու անասնակեր հիդրոպոնիկ մեթոդով: Այս կերպ աճեցրած անասնակերը շատ լավ միջոց է կաթնամթերք եւ մսամթերք արտադրող այն ֆերմերների համար, որոնք չունեն բավարար հող, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ կանաչ անասնակեր արտադրեն:
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանում արոտավայրերի հետ կապված շատ մեծ խնդիր առաջացավ: Միայն Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում 20 հազար հեկտար չեզոք գոտում է մնացել՝ անհասանելի գյուղացիներին որպես արոտավայր օգտագործելու համար: Դրա հետ կապված խոտի գինը սարսափելի թանկացել է, ու շատ ֆերմերներ իրենց անասուններին մասսայաբար ոչնչացնում են: Այս խնդրի լուծման համար էլ մենք նախաձեռնեցինք հիդրոպոնիկ սարքերի արտադրության ծրագիրը՝ զուգահեռաբար նաեւ աշխատանք ապահովելով մեր կրթական ծրագրի շրջանավարտների համար: Պատերազմի մասնակից տղաների համար սա դարձավ նաեւ լավ հնարավորություն ունենալու կայուն աշխատանք եւ կիրառելու իրենց ստացած մեքենաշինական հմտությունները»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Արենի մայրը՝ Սաթիկ Նաիրյանը, որը «Էնջինդ ԱՄ» ընկերության համահիմնադիրն է:
Առավել օպտիմալ եւ մատչելի
Սաթիկ Նաիրյանի խոսքով՝ Հայաստանում որոշ ֆերմերներ ունեն նմանատիպ սարքեր, բայց դրանք հիմնականում ներկրված են Թուրքիայից:
«Մենք ամիսներ շարունակ ուսումնասիրել ենք հիդրոպոնիկ սարքերի արտադրության ոլորտը եւ ստեղծել այնպիսի մոդել, որը միանգամայն մրցունակ է այլ երկրներում արտադրվող տեսակների հետ: Փորձել ենք ստանալ առավելագույնս օպտիմալ, ծախսարդյունավետ եւ մատչելի արժեքով հիդրոպոնիկ սարք: Այն ամբողջապես ստեղծվում է Հայաստանում, հիմնական աշխատուժն էլ պատերազմին մասնակից տղաներն են: Այս հանգամանքը թույլ է տալիս արտադրական գործունեությունը անվանել սոցիալական ձեռներեցություն»,- մանրամասնում է նա:
Հիդրոպոնիկայի մեթոդով անասնակերի արտադրությունը մի շարք առավելություններ ունի: Առաջինն, իհարկե, տարածքի եւ բնական ռեսուրսների խնայումն է, ինչը շատ կարեւոր է հատկապես հայաստանյան իրականությունում: 1 կգ հիդրոպոնիկ կերի համար օգտագործվում է 1.5 լիտր ջուր, իսկ դաշտում եւ ցանքատարածքում մեկ կիլոգրամ կանաչ խոտ աճեցնելու համար ծախսվում է 80-90 լիտր:
«Այս խոտն ուտում են բոլոր անասունները եւ թռչունները՝ կովեր, ոչխարներ, այծեր խոզեր, ճագարներ, ձիեր, ինչպես նաեւ բադեր, սագեր, հավեր, հնդկահավեր: Աճեցման գործընթացը եւս պարզ է ու շատ ժամանակ չի պահանջում: Բավարար է օրական 2 ժամ տրամադրել եւ դրա դիմաց ստանալ օրական ավելի քան 95 կգ անասնակեր միայն մեկ արտադրական մոդուլից»,- նշում է Սաթիկ Նաիրյանը:
Նա հավելում է, որ մեկ կիլոգրամ զտած գարուց կամ ցորենից հնարավոր է ստանալ 6-10 կգ կեր: Այս անասնակերն էկոլոգիապես մաքուր է՝ աճում է առանց պարարտանյութի, ու նպաստում է նաեւ կաթնատվության եւ մսատվության քանակի եւ որակի բարելավմանը: Այն հարուստ է բետա կարոտինով եւ օգնում է վիտամին A-ի սինթեզմանը: Նպաստում է նաեւ կաթի եւ մսի վիտամինների հարստացմանը:
Սարքի առավելությունները
ԱԷՈՆ հիդրոպոնիկ սարքի չափերը հարմար են տեղափոխման համար, իսկ կառավարման պահարանի (control furnish), ջրի, էլեկտրականության, օդի եւ հովացման համակարգերը առանձնացված են արտադրական պահարանից՝ ապահովելով երկար եւ անխափան աշխատանք:
Մեկ կառավարման վահանակը կարող է մատակարարել մինչեւ 5 արտադրական պահարաններ: Սա հնարավորություն է տալիս ֆերմերին/գյուղացուն զարգացնելու իր տնտեսությունը առանց մեծ ռիսկերի եւ նախնական ներդրումների:
«Մեկ ամբողջական կոմպլեկտը բաղկացած է 5 արտադրական պահարանից եւ 1 կառավարման վահանակից: Եթե գյուղացին շատ անասուններ կամ թռչուններ չունի, կարող է գնել մեկ արտադրական պահարան եւ մեկ կառավարման վահանակ: Հետագայում ցանկության դեպքում կարող է լրացնել մինչեւ 5 պահարան, իսկ կառավարման համակարգը ավտոմատ կհասկանա, որ միացվել է երկրորդ կամ երրորդ պահարանը, եւ դրանք եւս կսպասարկի»,- պարզաբանում է Սաթիկ Նաիրյանը:
Սարքավորումը տեղադրման եւ օգտագործման համար հատուկ ուսուցման եւ մասնագետների կարիք չունի, այն բավական մատչելի է աշխատեցնելու համար (user friendly): Ցանկության դեպքում էլ հնարավոր է սարքերը համալրել հեռավար տեխնիկական դիագնոստիկ համակարգով:
«Մենք տանում եւ տեղադրում ենք սարքերը: Դրանք մեկ տարի երաշխիքային սպասարկման մեջ են: Ունեն նաեւ հեռավար կառավարման հնարավորություն, այսինքն՝ եթե գյուղացին օգտագործելիս դժվարանում է, կամ որոշ խնդիրներ են առաջանում, մենք կարող ենք հեռավար դիագնոստիկա կատարել, ծրագրավորել եւ վերածրագրավորել»,- հավելում է Սաթիկ Նաիրյանը:
Ընկերությունն արդեն իսկ ունի պատվերներ. սերիական արտադրության մեկնարկը տրված է: Մեկ կոմպլեկտը՝ 5 պահարանով եւ 1 կառավարման վահանակով, արժե 11 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի եւ տրանսպորտային ծախսերի: Ընկերությունը լիզինգային ծրագրերի պայմանավորվածություն ունի «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ եւ շարունակում է հանդիպումներ ունենալ համագործակցությունների ընդլայնման եւ տեղեկատվության տարածման համար:
Գայանե Ենոքյան