Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն առաջին հիդրոպոնիկ սարքն են արտադրել

4 մայիսի 2022

«ԱԵՈՆ» հիդրոպոնիկ սարքի առաջին օրինակն արդեն պատրաստ է: Ծրագիրը նախագծումից մինչև արտադրություն իրականացրել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները։

Հիդրոպոնիկ սարքն արտադրում է «Էնջինդ ԱՄ» ընկերությունը, որի հիմնադիրը «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամն է: Անցած աշնանը հիմնադրամը ինժեներատեխնիկական մասնագիտություններ ուսուցանելու դասընթացներ նախաձեռնեց պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորների, պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտանիքների անդամների համար։

«Պատերազմի մասնակիցներին կրթություն և աշխատանք է պետք, մենք ներդրում ենք անում այդտեղ, որ մասնագիտություն սովորեն և նյութական ապահովություն ունենան»,- ասում է հիմնադրամի տնօրեն Մհեր Մեհրաբյանը։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ծնողները՝ Սաթիկ Նաիրյանն ու Մհեր Մեհրաբյանը, հիմնեցին 2020թ. հոկտեմբերի 28-ին, Արցախում զոհված իրենց որդու՝ հրետանավոր Արեն Մեհրաբյանի հիշատակին: Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, գործարար Մհեր Մեհրաբյանը մեկ տարի առաջ «Հետք»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ որդու մահն իմաստավորելու միակ ճանապարհը Հայաստանի հզորացումն է համարում:

Մեկ տարի անց, նա իրականություն դարձրեց որդու երազանքը՝ 2021թ.-ի հուլիսին Հայաստանում աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի մեքենաշինական արտադրության հիմք դրեց: Գործարարն ասում է, որ «ԱԵՈՆ» հիդրոպոնիկան «Էնջինդ ԱՄ»-ի աերոտիեզերական մեքենաշինության պիլոտային ծրագրերից մեկն է։ «Սա ստարտային փուլ է մեծ արտադրության նախապատրաստվելու համար։ Դրա համար ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել, և մասնագետների բանակ պատրաստել, որը հետո պատրաստ կլինի ավելի բարդ խնդիրներ լուծելու»,- ասում է Մհեր Մեհրաբյանը։ 

Հայաստանում, ըստ նրա, մեծ արտադրություն նախաձեռնելու ամենամեծ խոչընդոտը մասնագետներ չունենալն է: Պատճառը երկրում միջին մասնագիտական կրթության բացակայությունն է՝ խառատներ, օպերատորներ, նախագծողներ, նյութագետներ և այլն, չկան։ Հիմնադրամն արդեն մասնագետների երկրորդ խումբն է պատրաստում՝ եռաչափ մոդելավորման և ծրագրավորման անվճար չորսամսյա դասընթացներ կազմակերպելով նրանց համար:

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամի փոխտնօրեն և «Էնջինդ ԱՄ»-ի համահիմնադիր Սաթիկ Նաիրյանն ասում է, որ այս ծրագրում իրենց ամենամեծ ոգևորությունը պատերազմի մասնակից տղաներն են: Նորաստեղծ արտադրությունում նրանք աշխատուժի 90%-ն են կազմում։ Անցյալ տարի աշնանը եռաչափ մոդելավորում և ծրագրավորում դասընթացն ավարտածների մի մասն աշխատանքի է անցել «Էնջինդ ԱՄ»-ում, ոմանք առաջին օրից և՛ սովորում, և՛ աշխատում էին:

Դասընթացն անցյալ տարի սկսել են 60 հոգանոց խմբով, սակայն ուսման ընթացքում մասնակիցների թիվը տարբեր պատճառներով նվազել է: Եռաչափ մոդելավորման դասընթացն ավարտել է 16 հոգի: «Պատերազմի մասնակիցներից շատերն առողջական խնդիրներ ունեն և չկարողացան կրթությունը շարունակել։ Հիմա էլ նրանք վերականգնողական բուժումը շարունակում են»,- հայտնեց Սաթիկը:

Փետրվար ամսից երկրորդ խումբն է ծրագրավորման և եռաչափ մոդելավորման դասընթացն անցնում: Ուսուցման ողջ գործընթացը Մեհրաբյան ընտանիքն իրականացնում է իր ֆինանսական միջոցներով՝ դասախոսների վարձատրությունը, տարածքի վարձակալություն և այլ ծախսեր: Մհեր Մեհրաբյանը նշում է, որ կրթությունը նրանց համար շարունակական է, փոխարենը՝ մասնագիտական որակ են ակնկալում աշխատանքում: 

«Աշխատանքում նրանց պատասխանատվության սահմանը և աշխատավարձի չափը որոշվում է ըստ իրենց ստացած գնահատականների։ Աշխատելուն զուգընթաց, ցանկության դեպքում, նրանք ուսումը շարունակելու, նոր բան սովորելու հնարավորություն ունեն: Եթե չեն ցանկանում ուսումը շարունակել և առաջընթաց ունենալ՝ կարող են շարունակել իրենց աշխատանքը, եթե կարծում են, որ լավ չեն յուրացրել ծրագիրը՝ կարող են կրկնել կուրսը»,- նշում է Մհերը:

«Էնջինդ ԱՄ»-ը հիդրոպոնիկ սարքի սերիական արտադրությունը հունվար ամսից է սկսել«Հաշվարկներ ունեի՞ք, որ հիդրոպոնիկ մեթոդը պահանջարկ կունենա, մարդիկ ավանդականից նորին դժվար են հարմարվում»,- հարցնում եմ նրանց:

Սաթիկ Նաիրյանն ասում է, որ հիդրոպոնիկ սարքով հետաքրքրված են հատկապես այն ֆերմերները, որոնք բավարար արոտավայր ու խոտհարք չունեն։ Անցյալ տարի գյուղացին առերեսվել է այս խնդրին։ Պարզել են, որ պատերազմից հետո 20 000 հեկտար հողատարածք մնացել է չեզոք տարածքում, և գյուղացին չի կարողանում անասուններին կերակրել, հարկադրված կրճատել են անասունների գլխաքանակը:

Սաթիկի ասելով՝ «Խելացի անասնապահությամբ» զբաղվողները հասկանում են, որ հիդրոպոնիկ սարքավորումն իրենց համար անհրաժեշտություն է: Գյուղացին 1 կգ գարու կամ ցորենի սերմը ջրով շաղախելով և «ԱԵՈՆ» հիդրոպոնիկ սարքում տեղադրելով` 6-10 կգ կեր է ստանում, ընդ որում 1 քմ տարածքից ստացված կերը օրական 2 կաթնատու կով է կերակրում: Հիդրոպոնիկ մեթոդով ստացված անասնակերով կարելի է կերակրել բոլոր ընտանի կենդանիներին և թռչուններին:

Հայաստանում այն նորություն չէ՝ Դիլիջանում, Հրազդանում մեծ ֆերմերային տնտեսություները կիրառում են այս սարքավորումը, որը Թուրքիայից կամ Չինաստանից են ներկրել: Սաթիկ Նաիրյանն ասում է, որ այս ծրագիրը մշակել են «Կեր արտադրողների ասոցիացիա»-ի հետ, նրանք անհրաժեշտություն են համարում այս սարքավորումը:

Մինչև արտադրություն սկսելը «Էնջինդ ԱՄ»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են առկա մոդելները, դրանց հիման վրա մշակել են սեփական մոդելը՝ լուծելով բոլոր այն խնդիրները, որոնք ծագում են կիրառության ժամանակ: «Մեր ստեղծածն արժեքով ավելի մատչելի է, նույն արտադրողականությունն ունեցող այլ սարքավորումների համեմատությամբ: Հոսանքի ծախսն ավելի քիչ է, չափերն ավելի հարմար են տեղափոխման համար: Այս սարքավորումը գործարկելու և պահպանելու համար հատուկ պայմաններ, առանձնացված տարածք պետք չէ, ի տարբերություն այլ երկրներից ներկրված սարքավորումների, որոնց պահպանության համար լրացուցիչ ծախսեր է պահանջվում»,- սեփական արտադրանքի առավելություններն է ընդգծում Սաթիկ Նաիրյանը: 

Էկոնոմիկայի նախարարության հետ ունեցած գրագրության արդյունքում ընկերությանը հայտնել են, որ ծրագիրը ներառված է Կառավարության գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթությունների մեջ: «ԱԵՈՆ» հիդրոպոնիկ սարքը կարող է դիտարկվել բանկի կամ լիզինգի 10% սուբսիդավորման ցանկում:

Ընկերության հիմնադիրները նորաստեղծ սարքը ներկայացրել են բանկերին և լիզինգային ընկերություններին և արձագանքը դրական են համարում: «Որոշների հետ հանդիպումներ ենք ունեցել, ոմանց հետ հուշագիր ենք ստորագրել, որ նրանց միջոցով ծրագիրը պետք է ֆինանսավորեն»,- ասում է Սաթիկը:

Ընկերության ներկայացրած ծրագիրն անցած տարի Բարձր տեխնոլոգիաների նախարարության 50 մլն դրամանոց դրամաշնորհն է շահել, որով ցանկանում են ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիա ստեղծել։

«Այստեղ մարդիկ իրենց մտահղացումները կկարողանան իրականացնել, և մենք նրանց կուղղորդենք գիտական ճանապարհով անել այն՝ հաշվարկներից սկսած մինչ իրացում»,- բացատրում է Մհեր Մեհրաբյանը։

Հաջորդ քայլով մտադիր են հայկական աերոտիեզերական գործակալություն ստեղծել, որը կմիավորի լավագույն մասնագետներին:

«Մեզ անհրաժեշտ է այդ ադմինիստրացիան, որը մասնագիտական խնդիրներ կլուծի և խորհրդատվություն կտրամադրի»,- ասում է Մհեր Մեհրաբյանը: 

Հեղինակ՝ Սառա Պետրոսյան

hetq.am