Շահառուից դասընթացավար

15 փետրվարի 2023

Ծանոթացեք «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի շրջանավարտ՝ 22-ամյա Վահագն Աթոյանի հետ, ով իր քրտնաջան աշխատանքով լավագույն օրինակներից է։ Փոքրուց եղել է տաղանդավոր երեխա, ունեցել մանկության երազանքներ, ուսում է ստացել, իր պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ՝ ծառայելով Արցախի Պաշտպանության Բանակում, ու այս պահին իր մասնագիտական ակտիվ գործունեությունն է ծավալում «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում, փորձելով իրականություն դարձնել ու նպատակին հասցնել իր երազանքները։ Հիմա՝ առավել մանրամասն։

Վահագնը ծնվել է Երևանում։ Եղել է անչափ աշխույժ ու տաղանդավոր երեխա։ Մանկուց երազում էր տիեզերագնաց դառնալ, ստվարաթղթից տիեզերանավեր էր պատրաստում, սիրում կոնստրուկտորներ ու ֆանտաստիկ ժանրի ինքնաթիռներ հավաքել։ Հաճախել է Մալաթիա–Սեբաստիա համայնքի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել  թիվ՝105 ավագ դպրոցում, ցանկանալով մասնագիտանալ տնտեսագիտության ոլորտում։ Սակայն ավագ դպրոցում ուսանելու տարիներին հասկացավ, որ տնտեսագետի մասնագիտությունն իրենը չէ։

Քանի որ սերը դեպի ծրագրավորումը մեծ էր, 2019թ–ի ամռանը Վահագնը ընդունվեց Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ՏՏ բաժին, սակայն ինչպես իր շատ հասակակիցներ, զորակոչվեց Արցախի Պաշտպանության Բանակ, երկու տարի ծառայելով Արցախի Մարտունի 2 զորամասում։ Ծառայությունը հետաքրքրիր էր անցնում, ծառայել է հաշվարկող հրետանու կառավարման դասակում։ Ծառայության ընթացքում սիրել է գրքեր կարդալ, առավել հետաքրքիրն ու տպավորիչը եղել է՝ «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գիրքը, որն իր ազդեցությունն է թողել իր աշխարհընկալման վրա, ու այս պահին էլ առաջնորդվում է այդ գրքի օրենքներով։

 2020թ–ին մասնակցել է 44–օրյա արցախյան պատերազմին, Վահագնը շատ չցանկացավ խոսել պատերազմի մասին, քանի որ պատերազմի հետ կապված հիշություններն իր համար շատ ցավալի են․․․․

Բանակում ծառայությունն ավարտելուց հետո, 2021թ–ի սեպտեմբերին մեծ ակնկալիքներով Վահագնը սկսեց ուսումը Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, սակայն մեկ տարի անց նրա սպասումները չարդարանալու պատճառով, որոշում կայացրեց կիսատ թողնել ուսումը։ Վահագնի նպատակն էր կայանալ ՏՏ ոլորտում, մասնավորապես ծրագրավորման մեջ։ 2022թ–ի փետրվարին, տեղեկանալով «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը Վահագնը դիմում և մասնակցում է Հիմնադրամի Վեբ ծրագրավորման չորս–ամսյա դասընթացներին, որի ընթացքում սովորում է ծրագրավորման Java Script լեզուն, դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո ստանում է ավարտական վկայական։ Ցանկանալով էլ ավելի խորացնել իր գիտելիքները ծրագրավորման մեջ, կրթությունը շարունակում Հիմնադրամում կազմակերպված ծրագրավորման Backend  լեզվի չորս-ամսյա դասընթացներին։

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամում կիրառվեց «Training of Trainers» մոդելը, այսինքն՝ Հիմնադրամում կրթություն ստացած շրջանավարտներին ընձեռնվեց դասավանդելու հնարավորություն։ Ձևավորվեց ծրագրավորման ոլորտի առաջատար մասնագետներից կազմված գնահատման հանձնախումբ, ովքեր քննելով ու ստուգելով թեկնածուների գիտելիքները՝ Վահագն Աթոյանին առաջադրեցին դասավանդել Վեբ ծրագրավորում «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։ 2023թ–ի հունվարից մեր Վահագնը սկսեց դասավանդել Վեբ ծրագրավորման Java Script լեզվի խմբերից մեկում։          

Խոսելով մարդկային և հոգևոր արժեքների մասին, Վահագնը մարդու մեջ գնահատում է ազնվությունն ու հավատարմությունը։ Տեսակով անչափ հարազատասեր է ու ընկերասեր։ Իր ընկերներին համարում է իր երկրորդ ընտանիքը։ Սիրում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ուր կա պատմություն և մշակութային ժառանգություն, ու մի հետաքրքիր պատմություն պատմեց իր կյանքից։ Երբ ծառայում էր Արցախում, մինչ պատերազմն իր հրամանատարը զինվորներին տանում է Մարտակերտի տարածաշրջանի՝ Տիգրանակերտ ամրոցը տեսնելու, ամրոցի ետևում մի բարձր սար կա ու սարի բարձունքում մի հին եկեղեցի, որին հասնելու համար պետք է բարձրանալ պարաններով։ Անվտանգության կանոններից ելնելով, հրամանատարն արգելում է իր զինվորներին բարձրանալ սարը։ Հենց էստեղ էլ Վահագնը հիշատակեց իր կյանքի բաղձալի երազանքի մասին՝ երազում է մի գեղեցիկ օր բարձրանալ Արարատ լեռը։

Վահագնը հավատում է, որ ծրագրավորման ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելու միջոցով կարելի է հասնել հստակ նպատակների, որոնց նախ սիրում է հասնել ու հետո խոսել այդ մասին։