Հադրութի բարձունքներից դեպի Երևան

1 մարտի 2023

Այս փոքրիկ պատմությունը արցախցի՝ Նիկոլայ Չաքմազյանի մասին է։ Կոլյան, ինչպես ասում են նրա հարազատներն ու ընկերները, ծնվել է Արցախի Հադրութի տարածաշրջանի՝ Մեծ Թաղեր գյուղում։ Հաճախել է իրենց գյուղի միջնակարգ դպրոցը։ Լինելով տեսակով աշխատասեր և համառ, դպրոցի դասերից հետո աշխատել է խաղողի այգիներում, փորձելով օգնել իր ընտանիքին։

Մանկության հիշողության մեջ մնացել է փայտե սուրը, որը յոթ տարեկանում Կոլյան պատրաստել էր հայրիկի օգնությամբ։ Օրերից մի օր իր մանկության ընկերների հետ այդ սրով խաղալիս, կոտրում է սուրը ու անչափ հուզվում, անգամ լաց լինում։  

Պատանեկության տարիներին Կոլյան սիրել է գրքեր ընթերցել, զրույցի ընթացքում հիշեց «Մուսալեռան քառասուն օրը» գիրքը, որը կարդացել էր իր աշխարհագրության ուսուցչի հորդորով։  Սիրել է սպորտը, 14 տարեկանում զբաղվել թեթև ատլետիկայով, իսկ ութերորդ դասարանում հաճախել է վոլեյբոլի։ Կոլյան նշեց, որ շուրջ երկու տարի վոլեյբոլի իրենց թիմը ընդհանուր սպարտակիադայում գրավել է առաջին պատվավոր տեղը։ 

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2020թ–ի հունվարին զորակոչվել է զինվորական ծառայության՝ Արցախի Պաշտպանության Բանակում։ Ծառայել է Հադրութի շրջանի Ջրականի զորամասում որպես հետախույզ–գնդացրորդ։ Կոլյան մասնակցել է 44–օրյա Արցախյան պատերազմի մարտական գործողություններին որպես հետախույզ։ Պատերազմի ժամանակ եղել է Հադրութում, Ջաբրայիլում և Մարտունիում։ Կոլյան ցավով ու հուզմունքով նշեց, որ պատերազմի ընթացքում կորցրել է զինակից լավ ընկերների։ Պատերազմից հետո ևս վեց ամիս ծառայել է Խոջալուի, այնուհետև՝ Ցորի զորամասում։ Բանակից վերադարձել է սերժանտի կոչումով, իսկ պաշտոնով՝ դասակի հրամանատարի տեղակալ։

Պատերազմից հետո Կոլյայի ընտանիքը Հադրութից  տեղափոխվում է Երևան։ 2022թ–ի փետրվարին Կոլյան տեղեկանալով «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, Կոլյան դիմում և մասնակցում է Հիմնադրամի Վեբ ծրագրավորման չորս–ամսյա դասընթացներին, որի ընթացքում սովորում է ծրագրավորման Java Script լեզուն, դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո ստանում է ավարտական վկայական։ Ցանկանալով էլ ավելի խորացնել իր գիտելիքները ծրագրավորման մեջ, մասնակցում է նաև Հիմնադրամում կազմակերպված ծրագրավորման Backend  լեզվի չորս-ամսյա դասընթացներին։

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամում կիրառվեց «Training of Trainers» մոդելը, այսինքն՝ Հիմնադրամում կրթություն ստացած շրջանավարտներին ընձեռնվեց դասավանդելու հնարավորություն։ Ձևավորվեց ծրագրավորման ոլորտի առաջատար մասնագետներից կազմված գնահատման հանձնախումբ, ովքեր քննելով ու ստուգելով թեկնածուների գիտելիքները՝ Կոլյային առաջադրեցին դասավանդել Վեբ ծրագրավորում «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։ 2023թ–ի հունվարից մեր Կոլյան սկսեց դասավանդել Վեբ ծրագրավորման Java Script լեզվի խմբերից մեկում։        

Խոսելով իր երազանքներից, Կոլյան այս պահին երազում է տուն կառուցել և ընտանիք կազմել, այն նույն տունը, որ իրենց գյուղում էր, նույն այգիով․․․

Շատ է սիրում Արցախի բնությունն ու պատմամշակութային կոթողները։ Իր հիշողություններում  առավել տպավորվել են Տիգրանակերտի ամրոցը, Հադրութի շրջանի Դիզափայտ լեռնագագաթի վանքը, ուր հասնելու համար անհրաժեշտ էր իրենց գյուղից մոտ երկու ժամ ոտքով բարձրանալ, Տողասարի եկեղեցին, որի դիրքն այնպես է, կարծես այն ափիդ մեջ լինի։ 

Դասավանդմանը զուգահեռ, Կոլյան շարունակում է կատարելագործել իր գիտելիքները ծրագրավորման ոլորտում, իր առջև նպատակ դնելով զինվել նոր գաղափարներով և  դառնալ կայացած ծրագրավորող։