DVV Ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում անցկացվեցին Մեդիագրագիտության դասընթացներ
«Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար» ծրագրի շրջանակում՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում անցկացվեց «Մեդիագրագիտություն 44–օրյա պատերազմի մասնակիցների համար» վեցօրյա դասընթացը։ Այդ դասընթացների նպատակն էր կառուցել մեդիագրագետ հասարակություն և նվազագույնի հասցնել մեդիայի ազդեցությունները մարդկանց վրա, որոնք առաջանում են ապատեղեկատվության, սխալ, թերի տեղեկատվության հետևանքով։
Դասընթացի առաջին օրը մասնակիցների համար ողջույնի խոսքով հանդես եկավ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն՝ պրն․ Մհեր Մեհրաբյանը, մատնանշելով, թե որքան կարևոր են հասարակության համար մեդիայի և մեդիագրագիտության հետ կապված հարցերը, մասնավորապես պատերազմական շրջանում։ Բացման խոսքով հանդես եկավ նաև DVVI Հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող՝ Միշա Թադևոսյանը, ով դասընթացի մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց «Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար» ծրագրի նպատակների և արդյունքների մասին։
Դասընթացների ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան նաև մեդիափորձագետներ՝ Տիրայր Մուրադյանը և Լուսինե Գրիգորյանը, ովքեր մասնակիցների հետ խոսեցին և քննարկեցին մեդիագրագիտության կանոնների, քննադատական մտածողության, թվային միջավայրում անձնական կյանքի գաղտնիության, տեղեկատվություն ստանալու պահանջմունքի, ապատեղեկատվության և քարոզչության, փաստերի ստուգման մասին։
Դասընթացի մասնակիցների համար ջերմ ու ակտիվ մթնոլորտում անցավ հատկապես «Մեդիագիտակ» խաղի անցկացումը, որի հիմնական նպատակն էր նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։
Հերթական դասընթացներից մեկի ընթացքում, մասնակիցները դիտեցին «Վստահիր ինձ» վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի մասին։ Ֆիլմում ներկայացվում են դեպքեր, որոնք ի ցույց են դնում ապատեղեկատվության ազդեցության հետևանքները՝ հանրային կարծիքի ձևավորման, հանրային վարքագծի փոփոխման տեսանկյունից։ Ֆիլմում ներկայացվում են մարդկային պատմություններ, որոնք ճակատագրական և շրջադարձային ապրումներ են ունեցել՝ հավատալով կեղծ տեղեկատվությանը։ Ֆիլմի դիտումը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր, որի ընթացքում մասնակիցներին տրվում էին ֆիլմի տարբեր դրվագների հետ կապված հարցադրումներ և քննարկում։
Վերջին վեցերորդ դասընթացի ընթացքում մասնակիցները վերհիշեցին ընդհանուր դասընթացի նախորդ թեմաները, իսկ դասընթացն ամփոփվեց խաչբառ լրացնելով։ Խաչբառի լրացման միջոցով ստուգվեցին մասնակիցների նախորդ դասընթացների ընթացքում մեդիագրագիտության ոլորտի ձեռք բերած գիտելիքները։ Ընդհանուր վեցօրյա դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց՝ «Արեն ՄԵհրաբյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր փոխտնօրեն՝ տկն․ Սաթիկ Նաիրյանը։
Հարկ է նշել, որ «Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար» ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի և Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)-ի համատեղ ջանքերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։